«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում նախատեսված են փոփոխություններ, համաձայն որոնց ՀՀ-ում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու վարույթը կիրականացվի միայն Էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կկազմի 105.000 (ժամանակավոր) և 140.000 ՀՀ դրամ (մշտական ): Նշենք, որ պետտուրքը փոփոխության չի ենթարկվել, սակայն փոփոխություններ են սպասվում ժամանակավոր կացության համար հիմքերում:
Կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու համար հիմք կհանդիսանան նաև ՀՀ տարածքում ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերում ներգրավված լինելը, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստումը, գիտական կամ գիտահետազոտական աշխատանքները, դպրոցական փոխանակման ծրագրերում ընդգրկված աշակերտ լինելը։
Բացի այդ, ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալ կկարողանան միայն ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ընտանիքի անդամները՝ ամուսինը, ծնողը, զավակը (ներկայումս այս դրույթը տարածվում է նաև մերձավոր ազգականների վրա՝ եղբայր, քույր, տատ, պապ, թոռ):
Նախատեսված է, որ ժամանակավոր կացության կարգավիճակը կտրվի մինչև 3 տարի ժամկետով՝ հիմք ընդունելով դիմումում նշված ժամկետը, յուրաքանչյուր անգամ նույն հիմքով դիմելու դեպքում երկարաձգելու հնարավորությամբ (ներկայումս 1 տարի է 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ)։
Մշտական կացության կարգավիճակ կտրվի մինչև 10 տարի ժամկետով` վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 3 տարի ժամկետով ժամանակավոր կացության կարգավիճակ ունենալու դեպքում, յուրաքանչյուր անգամ կացության ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ (ներկայումս տրվում է 5 տարով նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ):