Telegram-ի պաշտոնական հայտարարությունը՝ Դուրովի ձերբակալության վերաբերյալ

«Telegram-ը պահպանում է ԵՄ օրենքներին, ներառյալ «Թվային ծառայությունների մասին» օրենքը. դրա մոդերատորությունը համապատասխանում է ոլորտի չափանիշներին և մշտապես բարելավվում է: Telegram-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի և հաճախ է շրջում Եվրոպայով մեկ»,-այս մասին նշվում է Telegram-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը վերաբերում է Ֆրանսիայում Պավել Դուրովի ձերբակալությանը։

Սոցիալական ցանցից պնդում են՝ անհեթեթ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու է այդ հարթակում չարաշահումների համար․ «Գրեթե միլիարդ օգտատերեր ամբողջ աշխարհում օգտագործում են Telegram-ը որպես հաղորդակցության միջոց և կարևոր տեղեկատվության աղբյուր։ Մենք սպասում ենք այս իրավիճակի շուտափույթ լուծմանը։ Telegram-ը մնում է բոլորիդ հետ»։

Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Դա տեղի է ունեցել, երբ նա իջնում էր մասնավոր ինքնաթիռից, որը ժամանել էր Ադրբեջանից: Ըստ տեղեկությունների՝ ֆրանսիական իրավապահները Դուրովին հանցակից են համարում մի շարք դրվագներով, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով։

Նշենք, որ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ Telegram-ի հիմնադրին այսօր կարող են մեղադրանքներ առաջադրվել, այդ թվում՝ ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի, խարդախության և փողերի լվացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել