Դավիթ Հարությունյանը և նրա ընտանիքի անդամները դատախազություն են հրավիրվել

ԱԺ նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, կնոջ՝ Նարինե Մանուկյանի, զավակների՝ Անի և Վահան Հարությունյանների, և ընտանիքի հետ փոխկապակցված Մարինե Բադալյանի հետ միասին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք azdarar.am-ից։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է սույն թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 15:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-311-221 հեռախոսահամարին»,-նշվում է ծանուցման մեջ:

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ էր։ Նախկինում զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ, այդ թվում՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ Արդարադատության նախարարի պաշտոնից Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2018-ի իշխանափոխությունից հետո։

Հիշեցնենք, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով այս փուլում Դատախազությունը չի հրապարակում ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի, դրամական միջոցների չափի վերաբերյալ տեղեկատվություն։ Պատճառաբանում են, որ այդ գույքն օգտագործողները կարող են ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ, ինչը կարող է հանգեցնել բռնագանձման ենթակա գույքի ցանկի փոփոխության։” <[email protected]>

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել