2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել է:
BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Վերջինիս ինքնությունը պարզվել է։
Այսօր՝ օգոստոսի 19-ին, քննչական կոմիտեից Iravaban.net–ի հետ զրույցում նշեցին, որ BMW-ի վարորդը դեռևս չի հայտնաբերվել․ «Վերջին տվյալներով վարորդը հատել է հայ-վրացական սահմանը, միգուցե այնտեղից էլ ուրիշ տեղ է գնացել, բայց նրան փնտրում են»։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու, BMW ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: