Ո՞վ է վերահսկում քաղաքացիական ավիացիայի ծառայությունների որակը

Թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրականացնում է պետական վերահսկողություն:

Այդ նպատակներով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անց է կացնում ուսումնասիրություններ, քննություններ, թեստեր և իրականացնում է որակավորման ու տեսչական գործառույթներ՝ իր սահմանած կանոնակարգերի և «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն:

Վերը նշված նպատակներով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նշանակած ներկայացուցիչներն իրավունք ունեն անարգել մուտք գործելու քաղաքացիական ավիացիայի (բացառությամբ ռազմականի) ծառայությունները և շինությունները, ստուգելու վերգետնյա միջոցները, գտնվելու օդանավում ինչպես գետնի վրա, այնպես էլ թռիչքի ընթացքում, իսկ պետական օդանավերի դեպքում (բացառությամբ՝ ռազմականի), անհրաժեշտության դեպքում համապատասխան պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, ինչպես նաև իրեն վերապահված լիազորության շրջանակներում պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և այլ տեղեկություններ, ներառյալ` համակարգիչներում պահվող տեղեկությունները:

Նշված ներկայացուցիչներին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից տրվում է վկայական, որը կրողին իրավունք է տալիս անարգել մուտք գործելու Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, օդանավեր և օբյեկտներ, իսկ մաքսային հսկողության գոտիների տարածք՝ մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո:

Թռիչքային կամ ավիացիոն անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության դեպքում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կամ նրա կողմից լիազորված համապատասխան իրավասու անձինք (տեսուչները) իրավասու են կասեցնելու ստուգման ենթակա օբյեկտի, կազմակերպության հետագա գործունեությունը և պահանջելու ձեռնարկել թերությունները վերացնելուն ուղղված համապատասխան գործողություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել