Ընդունելություն Համայնքային ոստիկանությունում․ ՆԳՆ

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Համայնքային ոստիկանություն ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք:

ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում ծառայությունն առաջիկայում վերափոխվելու է նոր Համայնքային ոստիկանության:

Նոր Համայնքային ոստիկանությունը բոլոր ուղղություններով իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։

Ստորաբաժանմանը վերապահվելու է ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթ:

Ներդրվելու են ինչպես համայնքային ոստիկանի աշխատանքի գնահատման ու մշտադիտարկման, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի հետ տեղեկությունների թվային փոխանցման համակարգեր։ Ապահովվելու են տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների և համակարգերի միավորումն ու փոխկապակցվածությունը:

Ծառայությունը հագեցած կլինի հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով։
Նոր Համայնքային ոստիկանության ձևավորմամբ կապահովվի համայնքի հետ ժամանակակից տեխնիկական միջոցներով հաղորդակցությունն ու կամրապնդվի քաղաքացի-համայնքային ոստիկան կապը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել