Բացահայտվել է ավելի քան 43կգ․ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության, Սյունիքի մարզային քննչական վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված  գործողությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 43.724կգ. տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, պարզվել հանցավոր խմբի անդամներից երկուսի ինքնությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։

«Դեռևս 2023թ. հունվարին օպերատիվ տեղեկություններ են ստացվել՝ ԻԻՀ քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխելու մասին:

Ստացված տեղեկությունները իրացնելու ընթացքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին, ՀՀ տարածքում շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն է ձեռք բերել Վրաստանի Հանրապետության 27-ամյա  քաղաքացու և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ: 

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2024թ ապրիլի 15-ին վերջինս ապահովել է ՀՀ պետական սահմանով, մաքսանենգ ճանապարհով, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28.003,47 գրամ քաշով «Մարիխուանա», 14.434,75 գրամ քաշով «Հերոին» և 1287,06 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների  ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք և Սյունիքի մարզից այլ վայր տեղափոխելու, տարբեր թաքստոցներում տեղադրելու գործընթացը:

Ապա թմրամիջոցների թաքստոցի վայրի լուսանկարներն ուղարկվել են խմբի կազմում ընդգրկված Վրաստանի քաղաքացի 27-ամյա երիտասարդին, ով 2024թ ապրիլի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է թմրամիջոցների թաքստոցի գտնվելու վայր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքի տարածք, հայտնաբերել տեղադրված հիշյալ թմրամիջոցների պարկերը և իրացնելու նպատակով փորձել է դրանք տեղափոխել ու տեղադրել իր կողմից շահագործվող «Վազ 2107» ավտոմեքենայում, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նրա վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հանցավոր խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել