Թումո ճամբարն ու Team-ը տեխնոլոգիական ամառային փորձառություն նվիրեցին արցախցի պատանիներին

Team Telecom Armenia-ի և Թումոյի միջև ռազմավարական գործընկերությունն ընդլայնվում է՝ ներառելով ևս մեկ կրթական նախագիծ։ Խոսքը Թումո ճամբարի մասին է, որի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, հաստատում կապեր ամբողջ աշխարհից պատանիների հետ, ինչպես նաև վայելում ակտիվ մշակութային և ժամանցային ծրագիր: Team-ի աջակցության շնորհիվ այս տարի ամառային ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև արցախցի պատանիներ։

Հինգ շաբաթ տևող Թումո ճամբարն այս անգամ անցկացվեց Երևանում և Դիլիջանում։ Յուրաքանչյուր շաբաթ փոխվում էին մասնակիցները, և ըստ նրանց հետաքրքրությունների՝ փոխվում էր նաև ծրագրի բովանդակությունը։

«Թումո ամառային ճամբարում ես ինձ համար նոր ոլորտ բացահայտեցի՝ ծրագրավորումը։ Մինչ այդ պատկերացում չունեի ծրագրավորման մասին և կարծում էի, որ ինձ մոտ չի ստացվի։ Հիմա ես շատ եմ ուզում հետագայում ավելի շատ ուսումնասիրել այդ թեման։ Ճամբարի ընթացքում ծանոթացա այլազգի երեխաների հետ ու շատ բան սովորեցի նրանց երկրների և մշակույթի մասին։ Շատ ուրախ էի նաև ճամբարի ընթացքում արցախցի իմ ընկերներին կրկին հանդիպելու համար։ Մի խոսքով՝ ունեցա նոր ընկերներ, ստացա գիտելիքներ և հաճելի ժամանակ անցկացրի»,- ասում է ճամբարի մասնակից Էլեն Դանիելյանը, որը եղել է նաև Թումո Ստեփանակերտի ուսանող։

Team-ը խթանում է տեխնոլոգիական կրթությունը, և արցախցի պատանիների ներգրավումը Թումո ճամբարում այդ ջանքերի կարևոր մասն է կազմում: Սա պատանիներին հնարավորություն կտա զարգացնելու իրենց թվային հմտությունները և ինտեգրվելու տեխնոլոգիական աշխարհին։ Կրթական բաղադրիչից բացի, ճամբարը նաև մշակութային կամուրջ ստեղծեց՝ թույլ տալով պատանիներին շփվել իրենց հասակակիցների հետ Հայաստանից և արտերկրից։

Ճամբարն ուներ հագեցած կրթական և ժամանցային բաղադրիչներ։ Մասնակիցները սովորեցին Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաև խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։ Նրանք այցելեցին պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցեցին տարատեսակ սպորտային խաղերի, իսկ ճամբարի ավարտին ներկայացրին իրենց նախագծերը։

Հիշեցնենք, որ Team Telecom Armenia-ն և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրել էին հուշագիր Հայաստանում արդեն գործող և առաջիկայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին ինտերնետով ապահովելու վերաբերյալ: Հուշագիրը համագործակցություն է սահմանում նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թումո լաբեր նախագծի և 42 Երևան ծրագրավորման դպրոցի հետ, որի շրջանակում Team-ի մասնագետներն իրականացնելու են կրթական հանդիպումներ և ծրագրեր այս նախագծերում ներգրավված ուսանողների հետ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։ 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար արտադպրոցական ծրագիր է՝ նախատեսված պատանիների համար։ Թումոյի կրթական փորձառության շրջանակում ուսանողները ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների վրա հիմնված հատուկ կրթական համակարգի միջոցով հմտանում են տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում՝ ծրագրավորումից, ռոբոտաշինությունից և խաղերի ստեղծումից մինչև ֆիլմերի ստեղծում, անիմացիա, երաժշտություն և այլն: Ծրագրին կարող է միանալ 12-18 տարեկան ցանկացած երիտասարդ։ 

2011-ին ստեղծումից ի վեր Հայաստանում հիմնվել են շուրջ 35 Թումո կենտրոններ և տուփեր, ուր հաճախում են ավելի քան 25,000 պատանիներ։ Ծրագիրը ընդլայնվել է արտերկրում. Թումո կենտրոններ են գործում Գերմանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ալբանիայում, Ուկրաինայում, մոտ ապագայում սպասվում է կենտրոնների բացում Նիդերլանդներում և ԱՄՆ-ում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել