«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից խնդրում են չշահարկել իրենց անունը

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հերքում է, թե Երևան-Քիշնև թռիչքի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել ինքնաթիռ նստել իրենց պատճառով։ Ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։

«Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկություններ են հրապարակվել, որ Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել։ Չմեկնած ուղևորներից մեկը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էր, որ «ինքնաթիռից դուրս մնացած» ուղևորների փոխարեն թռիչքով մեկնել են «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները։

Ակումբը հայտնում է, որ իրենք տոմսերը ձեռք են բերել նախօրոք՝ ընդհանուր հիմունքներով։ Իրենց անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել, ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև։

Ակումբից խնդրում են չշահարկել իրենց անունը։

Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Քիշնևում Հայաստանը ներկայացնում է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում` հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:

Հավելենք, որ լրատվամիջոցի հետ զրույցում FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել էր, որ օդանավի փոփոխությունից հետո համակարգն ավտոմատ կերպով է ուղևորներին տեղաբաշխել տարողունակությամբ ավելի փոքր ինքնաթիռում։ Դա է պատճառը, որ եղել են դեպքեր, երբ նույն ընտանիքի անդամներից մի քանիսը մեկնել են, մյուսները՝ ոչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել