«Վերադարձել եմ մասնավոր կյանք և արդեն ունեմ իմ պլանը»․ Վահան Քերոբյան

Արդեն մեկ ամիս է, ինչ ես վերադարձել եմ մասնավոր կյանք և արդեն ունեմ իմ պլանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Վահան Քերոբյանը։

«Առաջինը, ինչի մասին ուզում եմ կիսվել հիմա, Մանթաշյանց գործարարների միությանն իմ վերամիանալն ու Մանթաշյանց 100 հարթակում իմ առաքելության մասին է։

Որպես նախաբան պետք է ասել, որ Մանթաշյանցն արդեն 5 տարեկան է և միավորում է 620 հայ բիզնեսմենների՝ մոտ 10 երկրի 17 մասնաճյուղերում։ Այն հանդիսանում է երևի թե ամենաակտիվ և ամենախոշոր հայ գործարարների ցանցը, որտեղ գործարարները ձևավորում են կապեր, կիսվում են իրենց փորձով, ձեռք են բերում նոր և արդիական գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև իրենց ընդհանուր շահն են ներկայացնում պետական և այլ մարմինների հետ հաղորդակցվելիս։

Մանթաշյանց 100-ը, որի զարգացմանը ես տրամադրելու եմ իմ ժամանակի մի մասը, նպատակ ունի միավորել խոշոր հայ գործարարներին՝ ձևավորելու անհրաժեշտ ձգտում, գիտելիք և հմտություններ՝ կերտելու միջազգային մրցունակ ընկերություններ և/կամ օգնել դրանք էլ ավելի զարգացնել։ Պատրաստակամությամբ կպատմեմ, թե ինչ գործիքներով ենք պլանավորում դրան հասնել։ Այս հարթակին կարող են անդամակցել միայն այն գործարարները, ովքեր ունեն 4մլրդ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնես Հայաստանում, կամ 50մլն ԱՄՆ դոլարից ավելի շրջանառությամբ բիզնես՝ եթե այլ երկրներից են։ Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր կմիանան այս հարթակին, կարճ ժամանակ անց կզգան դրա արդյունավետ և օգտակար լինելը։

Մանթաշյանց գործարարների միությունը, Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը, Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը, այլ կազմակերպություններ և անձնինք տարբեր ձևաչափերով հանդես եկան ի պաշտպանություն ինձ՝ հրապարակային ելույթներով, ոչ հրապարակային հանդիպումներով, ինչպես նաև հայտնելով իրենց պատրաստակամությունը՝ երաշխավորություններով փոխարինել իմ տնային կալանքի խափանման միջոցը։ Երկու-երեք օրում 45 հեղինակավոր գործիչներ և գործարարներ այդպիսի դիմումներ ներկայացրեցին իրավապահներին։ Վստահ եմ, որ այդ թիվը կբազմապատկվեր, եթե դրա անհրաժեշտությունը լիներ։

Ես, նախարար եղած ժամանակ, մեծ կարևորություն եմ տվել պետություն-մասնավոր երկխոսությանը, որպեսզի հնարավորինս ուժեղանան տարբեր միությունները, ասոցիացիաներն ու ակումբները, որոնք կարող են հակակշիռ լինել պետական կառույցներին՝ դրանց զսպելով կողմնակալ և լավ չհիմնավորված որոշումներ կայացնելուց։ Դրան հասնելու համար հաճախակի և պարբերական են եղել հանդիպումները և համագործակցությունը ոչ միայն վերը նշված, այլև մի շարք այլ նմանատիպ կազմակերպությունների հետ, որի արդյունքում լուծվել են բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, ինչպես նաև կանխվել են բազմաթիվ սխալ և չհավասարակշռված որոշումներ։ Նման կազմակերպությունների ուժեղանալը նաև կարևորագույն հենասյուն է ժողովրդավարության կայացման համար»,-նշել է Քերոբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել