Պուտինը չի նախատեսում զանգահարել Թրամփին. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում զանգահարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որի դեմ մահափորձ է իրականացվել: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որքանով ես գիտեմ, ո՛չ, նման ծրագրեր չկան»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը նախատեսում է զանգահարել Թրամփին։

Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլը դատապարտում է քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում․ «Ռուսաստանը միշտ դատապարտել է, և մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում: Թեկնածու Թրամփին քաղաքական դաշտից վերացնելու բազմաթիվ փորձերից հետո՝ նախ օգտագործելով իրավական գործիքները, դատարանները, դատախազներին, թեկնածուին քաղաքականապես վարկաբեկելու փորձերից հետո բոլոր արտաքին դիտորդների համար ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայիս իշխանությունները բռնության մթնոլորտ են ստեղծել, և Թրամփի մահափորձը կապված է հենց այս փաստի հետ․ «Մենք ընդհանրապես չենք կարծում և չենք հավատում, որ նախագահի թեկնածու Թրամփին սպանելու փորձը կազմակերպել է ներկայիս կառավարությունը, բայց այն մթնոլորտը, որն այս վարչակազմի կողմից քաղաքական պայքարի ընթացքում ստեղծվել է թեկնածու Թրամփի շուրջ, հրահրել է այս ամենը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:

«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել