Հայրը հարվածներ է հասցրել դստերը․ գործը դատարանում է

Անդրանիկ Ի․-ն 2023 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ֆիզիկական ներգործություն է իրականացրել իր աղջկա նկատմամբ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Տղամարդը 2 և ավելի անգամ դիտավորությամբ հարվածել է աղջկա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որն առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չի պարունակում:

Գործը դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունիսի 11-ին և մակագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին։

Անդրանիկ Ի․-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարում, այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել