«Նախագծով առաջարկվում է գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ։ Դրա իրավունքը կունենա այն ընտանիքը, որի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից։ Նպաստի չափը կորոշվի ամեն տարի՝ պարենային զամբյուղի կամ ծայրահեղ աղքատության շեմի հետ համեմատությամբ»,-այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Սարգսյանը։
Գնահատման նոր համակարգով ընտանիքի անդամների թիվը հաշվարկվելու է՝ հիմք ընդունելով վերջիններիս սպառմանը տոկոսը չափահաս անդամի սպառման համեմատ (օրինակ՝ մինչև 9 տարեկան երեխայի սպառման կարիքը հաշվարկվելու է չափահաս անձի սպառման 55 տոկոսով և այլն)։ Ընտանիքի անդամների հաշվարկային թվով էլ կատարվելու են անապահովության նպաստի իրավունքի և նպաստի չափի հաշվարկները։ Միաժամանակ ըստ խնամառության խմբի՝ ընտանիքների համար կապահովվի նպաստի չափի որոշակի հավելում։
Վերջիններս այն ընտանիքներն են, որտեղ կա՛մ աշխատանքային տարիքի աշխատունակ/գործունակ/հաշմանդամ չհանդիսացող անդամներ չկան, կա՛մ որտեղ յուրաքանչյուր այդպիսի անդամ ծանրաբեռնված է 3-ից մինչև 5 խնամառու անդամով, որոնք երեխաները, տարեցներն ու 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող անձինք են։ Նկատի ունենալով ընտանիքների բարձր խնամառությունը և դրանցում երեխաների և այլ խնամառուների բարձր ներկայացվածությունն ու աշխատունակ անդամների բարձր ծանրաբեռնվածությունը խնամառուներով, նախատեսվում է նախատեսել հավելում անապահովության նպաստի հիմնական չափին, ինչը թույլ կտա այս ընտանիքներին ոչ միայն հաղթահարել աղքատության պարենային շեմը և դուրս գալ ծայրահեղ աղքատությունից, այլ ունենալ մոտավորապես աղքատության ստորին շեմը լրացնող եկամուտներ և ապահովել ընտանիքի անդամների նաև որոշ այլ, ոչ պարենային հիմնական կարիքները։
Միաժամանակ, կարևորվում է ընտանիքի անդամների տնտեսական ակտիվացման խնդիրը, որի համար որպես անապահովության նպաստի նախապայման սահմանվում է զբաղվածության ակտիվացման ծրագրերում պարտադիր ներառման հնարավորությունների գնահատումն ու ներառումը։
Գնահատման նոր համակարգով նախատեսվում է նաև այդ համակարգի հիման վրա, տարբեր շեմեր սահմանելու միջոցով իրականացնել նաև այլ ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն և այլն, թիրախային և հասցեական ծրագրեր։