«Պարոն Օսիպյանը ոնց համակարգին դավաճանեց, այնպես էլ այն մարդուն, ով իրեն ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց»․ Վլադիմիր Գասպարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 8-ին, տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վերջին դատական նիստը, վաղը կհրապարակվի դատավճիռը։

Նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ հաղթանակելու է։ Ի պատասխան լրագրողի հարցի նա նկատեց, որ համակարգից հնարավոր է՝ մարդիկ եղած լինեն, ովքեր իր դեմ ցուցմունք են տվել․ «Ո՞նց կարող է եղած չլինեն, ի սեր Աստծո»։

«Պարոն Օսիպյանը ոնց համակարգին դավաճանեց, այնպես էլ այն մարդուն, ով իրեն ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց։ Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ: Տեսակն է այդպես մարդկանց»,-նշեց նա։

Վլադիմիր Գասպարյանն ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ըստ իրեն՝ ի՞նչ դատավճիռ կկայացնի դատարանը, ասաց․ «Ես դատարանի փոխարեն ո՞նց կարամ կարծեմ։ Ես նման մանկական բաներ չունեմ՝ երազում եմ, մտածում եմ․ ինչ-որ պետք էր խոսվեց, ինչ-որ պետք էր՝ ասվեց, մնացածը Տիրոջ ու դատավորի ձեռքն է, ես ապավինում եմ Տիրոջը»։

Լրագրողը նկատեց, որ Վալերիյ Օսիպյանը նաև Վլադիմիր Գասպարյանի օրոք է շարունակել իր աշխատանքը, ինչին ի պատասխան Գասպարյանն ասաց, որ ինքը միշտ հնարավորություն է տալիս իր ենթականերին դարձի գալու․ «Ոնց որ Տերն է մեզ միշտ հնարավորություն տալիս՝ ապաշխարելու, ես տենց էլ տվել եմ իմ ենթականերին»։

Անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նա նշեց, որ նախագահը երբեք ոչ մի անօրինական ցուցում չի տվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել