«Գոյ» թատրոնի բոլոր դերասաններն աշխատանքից ազատման նամակ են ստացել, Iravaban.net-ի հետ զրույցում տեղեկացրել է թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը:
««Գոյ»-ի իրավահաջորդ «Սունդուկյան» թատրոնից եմ նամակը ստացել։ Շուտ պիտի գար, բայց ինչ-ինչ պատճառներով ուշացավ նամակը։ Ամեն ինչ օրենքի սահմանում է եղել, մեզ բոլորիս հրավիրել են, որ ստորագրենք ու շարունակենք պայմանագիրը, մենք հրաժարվել ենք ու այդ պատճառով ազատել են մեզ»,-ասաց Թոփալյանը։
Նա նշեց, որ թատրոնի ճակատագրի մասին են մտածում, քայլեր արվում են․ «Այո՛։ Կոնկրետ այս գործարքն իրավաչափ է։ Այսինքն՝ մեզ ասել են՝ «եկեք, ստորագրեք», մենք չենք գնացել։ Դա օրինաչափ է։ Իսկ մնացյալ առումներով չգիտեմ»։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, թե «Գոյ» թատրոնի դերասաններն իրենց գործունեությունը պիտի շարունակեն Սունդուկյանի անվան թատրոնում։ Հարցին, թե ինչո՞ւ են այդ պարագայում նրանց ազատել աշխատանքից, դերասանը տեղեկացրեց՝ իրենք չեն ցանկացել աշխատել այդ թատրոնում։