Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը պատասխանում է այն հիմնական հարցերին, որոնք վերաբերում են հաշտարարությանը։
Հարց: Ի՞նչ է հաշտարարությունը:
Պատասխան: Հաշտարարությունը վեճերի լուծման արտադատական, այլընտրանքային և ճկուն եղանակ է, որը նպաստում է խնդիրների խաղաղ լուծմանը՝ անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի միջնորդությամբ։ Հաշտարարությունն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով՝ կամավորություն, համագործակցություն, ճկունություն, գաղտնիություն, արագություն և ծախսարդյունավետություն։ Հաշտարարության միջոցով կարելի է կարգավորել գրեթե ցանկացած բնույթի և բարդության վեճեր ու տարաձայնություններ։
Հարց: Ի՞նչպես են ծագում աշխատանքային վեճերը և ինչպե՞ս է լուծել դրանք հաշտարարության միջոցով:
Պատասխան: Աշխատանքային վեճերը սովորաբար ծագում են աշխատողի և գործատուի միջև տարաձայնություններից։ Դրանք կարող են ընդգրկել՝ աշխատավարձի ուշացում կամ չվճարում, արձակուրդի չտրամադրում, սահմանված կարգի խախտմամբ աշխատողին աշխատողին արձակուրդից հետ կանչելը կամ աշխատողի աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարում։ Հաշվի առնելով աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկությունները՝ հաշտարարությունը հանդիսանում է այդ ոլորտի վեճերի լուծման լավագույն եղանակ։
Հարց: Ինչ գործընթաց է նախատեսում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը աշխատանքային վեճերի լուծման համար։
Պատասխան: Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (այսուհետ՝ «Կենտրոն») կանոններով հաշտարարության միջոցով աշխատանքային վեճերի լուծման գործընթացը հետևյալն է. ենթադրենք գործատուն աշխատողի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ։ Աշխատողը դիմել է գործատուին կարգապահական տույժը վերացնելու պահանջով, բայց մերժում է ստացել։ Երբ տարաձայնությունը չի հաջողվում կարգավորել կողմերի միջև, այն վերածվում է աշխատանքային վեճի։ Վեճի կողմերից մեկը մյուսին կարող է առաջարկել վեճը Կենտրոնին հանձնել` գրավոր հարցում ուղարկելով Կենտրոն։ Կողմերը առաջադրում են հաշտարարի իրենց թեկնածուին, իսկ թեկնածուի բացակայության դեպքում, Կենտրոնը կողմերին է ներկայացնում հնարավոր հաշտարարների թեկնածուների ցանկ։ Հաշտարար նշանակելուց հետո, վերջինս հրավիրում է հաշտարարության առաջին հանդիպումը։
Հարց: Ինչու՞ է նախընտրելի հաշտարարությունը վեճերի լուծման համատեքստում։
Պատասխան: Դատական ընթացակարգի պայմաններում վեճի կողմերի հիմնական նպատակն իրենց պահանջները հիմնավորելն ու հաղթող դուրս գալն է։ Ի տարբերություն դատավարության՝ հաշտարարության նպատակը ոչ թե մի կողմի որևէ պահանջի բավարարումը կամ մերժումն է՝ ի վնաս մյուսի, այլ վեճերը հաշտությամբ լուծելն է։ Սա կողմերին հնարավորություն է տալիս համագործակցային և փոխզիջումային մթնոլորտում լուծել իրենց տարաձայնությունները՝ խուսափելով աշխատավայրում լարված իրավիճակներից։ Այսպես, կողմերը կարող են պահպանել աշխատանքային և միջանձնային հարաբերությունները հետագա հնարավոր համագործակցության համատեքստում։
Հարց: Ինչպե՞ս է հաշտարարությունը ապահովում գործընթացի ճկունությունն ու մասնակցությունը:
Պատասխան: Հաշտարարությունը ճկուն գործընթաց է և կողմերին հնարավորություն է ընձեռնում մշակել վեճի լուծման սեփական մոտեցումները, ինչպես նաև ամբողջ գործընթացի հանդեպ լայն վերահսկողություն իրականացնել։ Ի տարբերություն դատավարության՝ կողմերը կարող են հաշտարարության գործընթացը հարմարեցնել իրենց ծանրաբեռնվածությանը և գործի հատուկ հանգամանքներին։ Կենտրոնի Հաշտարարության կանոնների 16-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հաշտարարը և հաշտարարության կողմերը ազատ են որոշելու գործընթացի վարման համար իրենց նախընտրելի ձևաչափը և ընթացակարգը։ Կանոնների 17-րդ հոդվածի համաձայն՝ հաշտարարության կողմերի և հաշտարարի համաձայնությամբ հաշտարարությունը կամ դրա մի մասը կարող է իրականացվել առցանց եղանակով։
Հարց: Որքանո՞վ է պաշտպանվում անձի գաղտնիությունը՝ վեճը հաշտարարությամբ լուծելիս և ինչ դեր ունի այն հաշտարարության գործընթացում:
Պատասխան: Գաղտնիությունը հաշտարարության հիմնաքարերից է։ Ի տարբերություն դատավարության՝ հաշտարարությունը մասնավոր գործընթաց է, և գործընթացի հետ կապված ցանկացած տեղեկատվություն վերաբերում է միայն հաշտարարության կողմերին։ AMCA-ի Հաշտարարության կանոնների 24-րդ հոդվածի 1-ի համաձայն՝ հաշտարարության ողջ գործընթացին առնչվող ցանկացած տեղեկատվություն բոլոր դեպքերում պետք է գաղտնի պահվի, քանի դեռ կողմերը այլ բանի մասին գրավոր չեն համաձայնել։ Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հաշտարարության ընթացքում բացահայտված որևէ տեղեկություն չի կարող օգտագործվել որպես ապացույց կամ որևէ կերպ ազդել հաշտարարության կողմերի իրավունքների վրա հետագա արբիտրաժային, դատավարական կամ վեճերի կարգավորման այլ վարույթում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կամ կողմերի միջև հակառակի մասին եղած համաձայնության։
Հարց: Ինչպիսի՞ ծախսեր են նախատեսվում հաշտարարության գործընթացում և ինչ տարբերություններ ունի դատավարության հետ:
Պատասխան: Դատարանում վեճերի լուծումը երկարատև և լարված գործընթաց է, ինչի մասին վկայում է աշխատանքային վեճերով դատական գործերի պրակտիկան։ Աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Սակայն մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ դատավարության ընթացքը կարող է նկատելիորեն ձգձգվել։ Օրինակ՝ դատարանը կարող է վերադարձնել հայցադիմումը, ընդ որում, դատարանի որոշումներն ու վճիռները ենթակա են վերաքննության կարգով բողոքարկման։ Արդյունքում վեճի կարգավորման համար անխուսափելիորեն ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Հաշտարարության գործընթացը նախաձեռնելուց մինչև ավարտ կարող է տևել ընդամենը մեկ շաբաթ, իսկ հաշտարարության հանդիպումը սովորաբար/կամ միջինում տևում է չորս ժամ։
AMCA-ում հաշտարարության հետ կապված ծախսերի և վճարների հաշվարկման համար որպես ուղենիշ ծառայում են հետևյալ արժեքները՝
- Հաշտարարության գործավարության վճար՝ 70.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարները),
- Հաշտարար(ներ)ի վարձատրություն՝ մինչև չորս ժամ տևողությամբ հաշտարարության պարագայում 150.000 ՀՀ դրամ, որից հետո յուրաքանչյուր ժամը 50.000 ՀՀ դրամ:
Ներկայացվածը ծառայում է որպես ուղենիշ, և Կենտրոնը պատրաստ է կիրառել գործավարության նվազեցված սակագներ՝ ելնելով գործի բնույթից և բարդությունից։
Հարց: Հաշտության համաձայնության հարկադիր կատարման ի՞նչ հնարավորություն կա։
Պատասխան: Հաշտարարության արդյունքում կնքված հաշտության համաձայնությունը, որպես կանոն, կատարվում է ինքնակամ։ Այնուամենայնիվ, հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:
Հարց: Ի՞նչպես է Կենտրոնում կազմակերպվում հաշտարարության գործընթացը:
Պատասխան: Կենտրոնում հաշտարարություն կարող է նախաձեռնվել ինչպես վեճը Կենտրոնին հանձնելու մասին կողմերի միջև առկա նախնական հաշտարարության համաձայնության առկայության պարագայում, այնպես էլ նման համաձայնության բացակայության դեպքում: Հաշտարարության կողմերը կարող են Կենտրոնի հաստատմանն առաջադրել երկուստեք ընդունելի հաշտարարի թեկնածու։ Այդպիսի թեկնածուի բացակայության պարագայում Կենտրոնը կողմերին է ներկայացնում հնարավոր հաշտարարների թեկնածուների ցանկ։ Հաշտարարության առաջին հանդիպումը կազմակերպվում է AMCA-ի կողմից հաշտարարի հաստատումից/նշանակումից հետո ոչ ուշ քան տասը օրվա ընթացքում։ Հաշտարարության գործընթացի արդյունավետ և արագ ընթացքն ապահովելու համար յուրաքանչյուր գործով Քարտուղարությունն իրականացնում է հաշտարարության գործավարությունը։ Եթե հաշտարարությունն ավարտվում է հաշտությամբ, կողմերը ստորագրում են վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնություն: Կողմերի խնդրանքով AMCA-ն կարող է կարծիք հայտնել հաշտության համաձայնության վերաբերյալ: Բացի կողմերից այս համաձայնությունը ստորագրում է նաև հաշտարարը՝ նշելով, որ այն հաշտարարության գործընթացի արդյունք է։
Ամփոփելով՝ Հաշտարարությունը կողմերին հնարավորություն է տալիս համակողմանիորեն լուծել հիմնարար խնդիրները՝ վեճի կողմերին հնարավորություն ընձեռելով կայուն և տևական արդյունքների հասնել: Հաշտարարությունն առաջարկում է աշխատանքային վեճերի կարգավորման համակարգային, բայց միևնույն ժամանակ ճկուն մոտեցումներ։ Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ հաշտարությունն աշխատանքային վեճերի լուծման լավագույն տարբերակն է։