«Մենք չենք օգտվել մեր պոտենցիալից, բայց դեռ հնարավորություն կա օգտվելու. դա է անհանգստացնում մեր հարևաններին»․ Վարդան Ջհանյան

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի նկատմամբ իրականացնում է «տեղեկատվական ահաբեկչություն»՝ անընդհատ կրկնելով այն թեզը, որ ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունները աղտոտում են գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով և այլն: Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ կազմակերպված արշավի մաս է։ Նավթ արդյունահանող Ադրբեջանն ամեն ջանք ներդնում է իրենց երկիրը որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ Հայաստանը՝ որպես տարածաշրջանը աղտոտող ներկայացնելու գործում։ Թիրախը՝ հասկանալի պատճառներով հենց հանքարդյունաբերությունն է։ Որքանով կարելի է այս հարձակումները լուրջ ընդունել, եւ արդյոք դրանց մեջ վտանգ կա՞։

Թեմայի շուրջ NEWS․am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ:

-Պարոն Ջանյան, Ադրբեջանի կողմից ՀՀ հանքարդյունաբերության թիրախավորումը ոչ միայն չի թուլանում, այլ նաև ստանում է նոր երանգներ։ Վերջերս Ադրբեջանում գործող Environmental Protection First (EPF) «ոչ կառավարական» դաշինք կոչված միավորումը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանքահումքային պաշարները» քարտեզը, որը կազմված է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով։ Դուք այստեղ վտանգ տեսնում ե՞ք։

-Չէի ցանկանա, որ մենք հանքարդյունաբերության հարցում պաշտպանվողի դերում լինենք։ Դուք հարցնում եք՝ վտանգ տեսնում ե՞մ։ Անկեղծ ասած՝ ես այստեղ հնարավորություն եմ տեսնում։ Բոլորիս համար սա հնարավորություն է հասկանալու հանքարդյունաբերության ոլորտի պոտենցիալը։ Ցավոք, մենք տասնամյակներ շարունակ, որպես հասարակություն դա չենք հասկացել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը լրջորեն աշխատում է ՀՀ տնտեսական հենասյուների դեմ։ Եվ հանքարդյունաբերությունն առաջին թիրախն է։ Գոնե սա պետք է ակնհայտ դարձնի պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը մեր երկիրն իրական տնտեսական հաջողություն բերելու մեծ ու չօգտագործված պոտենցիալ ունի։

-Բայց չէ որ Հայաստանում միշտ զգալի ծավալի է եղել հանքարդյունաբերությունը, բայց արդյունքները այնքան էլ տեսանելի չեն եղել, եւ դրանով է պայմանավորված հայ հանրության թերահավատ վերաբերմունքը դրա արդյունքների հանդեպ։

-Համաձայն չեմ։ Թերահավատ վերաբերմունքը պայմանավորված է եղել հիմնականում՝ տարածվող կեղծիքով, սկսած հանքարդյունաբերության ծավալների մասին ապատեղեկատվությունից։ Չգիտեմ՝ միտումնավոր էր այս ապատեղեկատվությունը տարածվում, թե անտեղյակության հետեւանքով, բայց տարբեր հասարակական կազմակերպություններ խոսում են, օրինակ, հարյուրավոր հանքերի մասին, իսկ մարդիկ լսում էին ու մտածում՝ իսկապես, եթե այդքան հանք կա, ինչո՞ւ արդյունքն ավելի տեսանելի չէ։ Իրականում Հայաստանում կա գործող մետաղական ընդամենը 5-6 հանք, ընդ որում խոշոր միակ հանքը ԶՊՄԿ-ն է, որ ողջ ծավալով աշխատում է։ Հայաստանում 30 տարվա անկախության ընթացքում ընդամենը մեկ նոր հանք է հայտնագործվել, այն էլ շինարարությունը կիսատ է մնացել։ Մենք չենք օգտվել մեր պոտենցիալից, բայց դեռ հնարավորություն կա օգտվելու, եւ դա է, կարծում եմ, անհանգստացնում մեր հարեւաններին, ու դա նաեւ մեզ համար մտածելու ու գործելու առիթ պետք է լինի։

-Ինչպե՞ս է հնարավոր օգտվել այդ պոտենցիալից։

Ներգրավելով նոր ներդրումներ, իրականացնելով նոր հետախուզական աշխատանքներ, ընդլայնելով, բարձրացնելով գործող ծրագրերի արդյունավետությունը։ Կան տարբեր վերլուծություններ, որ առաջիկա տարիներն աշխարհում շեշտակի աճելու է մետաղների, այդ թվում՝ պղնձի պահանջարկը։ Արևային վահանակների, էլեկտրոմոբիլների արտադրությունը և համաշխարհային ողջ էկո կամ կանաչ արդյունաբերությունն այսօր չի կարող գոյատևել առանց պղնձի եւ այլ մետաղների, որոնց պահանջարկը գնալով աճելու է։ Սրանից կարելի է օգտվել, ներդրումներ ներգրավել, նաեւ արդիականացնել ոլորտը։ Բնական է, որ այս ամենը հաշվի առնելով, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ կանխի Հայաստանում տնտեսական այս հսկայական հնարավորության զարգացումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել