ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2023թ․ օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարել մասին նախագիծը։
Համաձայն այդ որոշման՝ ըստ առաջադիմության՝ 70-77 000 դրամ կրթաթոշակ է տրամադրվում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (ԲՏՃՄ ուղղությամբ մասնագիտական մանկավարժություն) սովորողներին, ինչպես նաև 50 000 դրամ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խոր աստիճանի սահմանափակում ունեցողներին։
Ներկայում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և ընդլայնելու պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։
Նախագծի կարգավորումներն ուղղված են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները:
Առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով առաջարկվում է ցանկում ներառել հետևյալ մասնագիտությունները՝
- անասնաբուժություն,
- ագրոնոմիկա,
- անտառային տնտեսություն,
- անասնաբուծություն,
- պարենամթերքի տեխնոլոգիա,
- ագրարային ճարտարագիտություն:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը:
Նախատեսվում է, որ 2024-2025 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 89, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 136: Ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ կլինի 15 750 000 դրամ։