Ովքե՞ր չեն կարող լինել շրջանառության հարկ վճարող

Օրենքի համաձայն՝ շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել`
1) «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք` գործունեության այդ տեսակների մասով.
2) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները և (կամ) ներմուծողները.
3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները.
4) առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, եթե`
ա. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձին,
բ. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),
գ. առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը).
5) երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով բացառապես վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված անձինք, եթե նրանց ընդհանուր իրացմանշրջանառությունը գերազանցում է 58,35 մլն դրամը.
6) համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձինք:

Հարկ վճարողները համարվում են շրջանառության հարկ վճարող գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով:

«Շրջանառության հարկի մասին» օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել