Ազգային անվտանգության մարմինների աշխատակից կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ընդունակ է իր անձնական ու գործնական հատկանիշներով, կրթությամբ և առողջական վիճակով կատարել իր վրա դրված պարտականությունները:
Ազգային անվտանգության մարմինների հիմնական կադրերը դրանց զինծառայողներն են: Բացառիկ դեպքերում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ):
Ազգային անվտանգության մարմինների սպաները և ենթասպաները զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով օրենքով սահմանված առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են նրանց կողմից կատարվող պարտականությունների յուրահատկությամբ:
Ազգային անվտանգության մարմինների սպաները և ենթասպաները գտնվում են լիազորված մարմնի կադրային կազմում (ներառյալ` պետական կառավարման հանրապետական և մարզային մարմինները, կազմակերպությունները գործուղված սպաները) և պահեստազորում:
Ենթակա զինծառայողներին խրախուսելու, կարգապահական տույժ տալու, ինչպես նաև զինվորական կոչումներ շնորհելու, զինծառայողներին պաշտոնի նշանակելու, պաշտոնն իջեցնելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ ազգային անվտանգության մարմինների պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Ազգային անվտանգության մարմինների քաղաքացիական անձնակազմի պարտականությունները, իրավունքները և արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և լիազորված մարմնի գերատեսչական նորմատիվ ակտերով:
Ազգային անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ ծառայությունների համար թույլատրվում է ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին պարգևատրել առանց հրապարակման (գաղտնի):
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև օժանդակել այդպիսի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և քաղաքացիներին: Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրավունք չունեն ծառայությունը համատեղել այլ վճարովի աշխատանքի հետ, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելուց, եթե դա չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը (բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է ծառայողական անհրաժեշտության հետ):
Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: