Մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության երաշխիքները

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացնելիս երաշխավորվում է մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

Մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակում չի թույլատրվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերի:

Անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել ազգային անվտանգության մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ գործողությունները:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիներն ազգային անվտանգության մարմինների կողմից իրենց իրավունքների ու ազատությունների սահմանափակման դեպքում իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացատրություններ և տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմիններից:

Պետական մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն պահանջել ազգային անվտանգության մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցում:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված` քաղաքացու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել