«Ձեր մեկնաբանությամբ ստացվում է, որ միայն Դուք կարող եք բոլորի փոխարեն որոշել՝ որ գործը չի կարող լրագրողը լուսաբանել»․ դատավորը՝ փաստաբանին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հունիսի 14-ին, շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Սեդրակ Քոչարյանի, նրա կնոջ՝ Զարուհի Բադալյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։ Նիստ նախագահում է Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանող Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյանն ու Հարություն Հարությունյանը դեմ էին դատական նիստի տեսանկարահանմանն ու լուսանկարահանմանը։

Արթուր Հովհաննիսյանն առարկեց՝ նշելով, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը տեսանկարահանումը թույլատրում է, եթե դատավարության մասնակիցները համաձայնություն են տալիս տեսանկարահանմանը, տվյալ դեպքում ինքը դեմ է։

Դատավոր Կարապետ Բադալյանը հայտնեց, որ ցանկացած հանգամանք չի լիազորում կողմերից մեկին գործին մասնակցող անձանցից որևիցե մեկի կամ դատարանի փոխարեն որոշել՝ լրագրողները կարող են տեսանկարահանել, լուսանկարահանել դատական նիստը, թե ոչ։ Որոշումն ընդունելու իրավունքը վերապահված է դատարանին։

Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ դատական պրակտիկաները տարբեր են․ «Երբ գրված է՝ գործին մասնակցող անձանց հայտնած համաձայնությամբ և դատավորի թույլտվությամբ, «և» մասնիկի մասով նպատակն այն է, որ որպեսզի տեսանկարահանումը լինի դատական նիստում, անհրաժեշտ է համաժամանակյա երկու պայմանների առկայություն․ առաջին՝ գործին մասնակցող անձանց համաձայնությունը և զուգահեռաբար նաև դատարանի թույլտվությունը, հետևաբար, եթե այս պայմաններից մեկը չկա, հեռարձակումը չի կարող լինել։ Ես գտնում եմ՝ քանի որ կողմերից մեկն առարկում է տեսանկարահանմանը, տվյալ դեպքում՝ երկուսը, առհասարակ հեռարձակում չպիտի լինի։ Ինձ մոտ կարող է նաև կաշկանդություն լինի, երբ, որ ինձ վրա կամեռա կա, ես կարող ա արդյունավետ չկարողանամ այդ դեպքում պաշտպանել, փաստաբան լինելու համար պահանջ չկա, որ դու պետք է կաշկանդված չլինես»։

Դատավորը ճշտեց, թե դեմ է իրեն նկարահանելուն միայն, Հովհաննիսյանն ասաց՝ առհասարակ դեմ է նիստը տեսանկարահանելուն։

Դատավոր Կարապետ Բադալյանն առարկության մասով ասաց, որ ինչ վերաբերում է Հովհաննիսյանի կողմից օրենքի մեկնաբանությանը, ապա այդ օրենքի մեկնաբանության համար առաջնահերթ պահանջվում է օրենքի նպատակային կողմի շեշտադրումը՝ ինչ նպատակ է օրենսդիրը սահմանում։

Նա ընդգծեց , որ ցանկացած երրորդ անձ կամ կողմերից որևիցե մեկը չի կարող գալ և որոշել՝ որ դատական գործին չի կարող լրագրողը ներկա լինել, տեսանկարահանել, լուսանկարահանել․ «Ձեր մեկնաբանությամբ ստացվում է, որ միայն Դուք կարող եք բոլորի փոխարեն որոշել՝ որ գործը չի կարող լրագրողը լուսաբանել, նման մեկնաբանությունը չի բխում այն նպատակից, որն առկա է, իսկ քանի որ Դուք անձամբ չեք ցանկանում, որ Ձեր պատկերը տեսանկարահանվի, դա հասկանալի է»։

Հարություն Հարությունյանը ևս առարկեց իրեն տեսանկարահանելու և լուսանկարահանելու դեմ։ Դատարանը թույլատրեց դատական նիստը և դատավարության մասնակիցներին տեսանկարահանել՝ բացի պատասխանող կողմի ներկայացուցիչներից։

Նշենք, որ դատարանը գրավոր միջնորդություններ էր ստացել որպես երրորդ անձ ներգրավվելու մասին, որը ներկայացրել են 4 ՍՊԸ-ներ։

Այս միջնորդությունների վերաբերյալ որոշումն առանձին դատական ակտով կհրապարակվի։

Արթուր Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց գործի քննությունը վերսկսելու վերաբերյալ։ Նա նշեց, որ խնդրելու են հայցի առարկայի հիմքը և առարկան նորից պարզել, հարցեր ուղղել, նաև հայցի պատասխանի հետ կապված միջնորդյություն է ներակայցվելու, որպեսզի «բոլոր իրավունքները պատշաճ իրացվեն»։

Դատախազ Գևորգ Քոչարյանն ասաց, որ միջնորդության վերաբերյալ ներգրավված անձինք պետք է իրավունք և հնարավորություն ունենան ներկայացված հայցի վերաբերյալ հարցադրումներ կատարելու․ «Եթե դրա համար դատարանը կգտի, որ անհրաժեշտ է գործը վերսկսել, ուրեմն՝ որևէ առարկություն չեմ հայտնի։ Կարծում եմ՝ դատարանն ինչպես ավելի նպատակահարմար և արդյունավետ կգտնի, այդ եղանակով էլ կառաջնորդվի»։

Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները ներկայացված միջնորդության վերաբերյալ, որոշեց այն բավարարել։

Պատասխանող կողմի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր գործի նյութերին ծանոթանալ թույլատրելուն և հայցադիմումի պատասխան ներակայացնելու ժամկետը երկարաձգելուն։

Գևորգ Քոչարյանը նշեց, որ առարկություն չունի միջնորդության դեմ, միայն ասաց՝ ժամկետը տրամադրելիս հաշվի առնել նաև մյուս՝ երրորդ անձանց ներգրավված լինելու հանգամանքը, եթե կներգրավվեն կամ, եթե կան այլ անձինք, որոնք ցանկություն են հայնտելու ներգրավվելու, որպեսզի այս պրոցեսի կրկնությունը բացառվի։

Դատարանը որոշեց ներկայացված միջնորդությունը բավարարել մասնակի, պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել և վերջնաժամկետ սահմանել մինչև հուլիսի 15-ը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել