Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.
«Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
ա) բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
բ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը:
Բացի այդ, այն հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք:
վճռաբեկ դատարանը արտահայտել է իր իրավական դիրքորոշումը համաձայն որի՝վարույթը իրականացնող մարմինը կասկածյալի ընտրած փաստաբանին ներգրավում է որպես պաշտպան:
Այս դեպքում պաշտպանին վարույթ ներգրավելու հիմքը կասկածյալի ստորագրութամբ վավերացված փաստաթղթային հաստատումն է: Եթե կասկածյալը չունի պաշտպան և վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացնում որևէ փաստաբանի, ապա այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատից պահանջում է որևէ փաստաբանի նշանակել պաշտպան. պաշտպանի ընտրության և նշանակման իրավասություն քննիչը չունի:
Քրեական գործով վարույթի ընթացքում կասկածյալին և մեղադրյալին պաշտպան ընտրելու, հրավիրելու իրավունքի ընձեռումն ամենից առաջ նպատակ է հետապնդում ապահովել վերջիններիս պաշտպանության իրավունքի իրացումը: Ընդ որում, պաշտպանի ընտրությունը ոչ միայն իրավաբանական նշանակություն ունեցող ակտ է, այլ նաև ունի բարոյական նշանակություն, որի էությունը պաշտպանի և պաշտպանյալի միջև վստահության անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումն է: