Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը շարադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով:
Իրավական ակտը կարող է պարունակել անվանում, հիմնական մաս, եզրափակիչ մաս կամ անցումային դրույթներ:
Իրավական ակտի եզրափակիչ մասը և անցումային դրույթները կարող են շարադրվել կամ առանձին գլուխների, կամ հոդվածների, կամ կետերի ձևով:
Իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանում չեն զետեղվում նորմատիվ դրույթներ: Նախաբանը չի բաժանվում հոդվածների (կետերի):
Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նախաբանում պետք է նշվի, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրության որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում:
Անհատական կամ ներքին իրավական ակտի նախաբանում կամ բովանդակության մեջ պետք է նշվի, թե որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում:
Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասում կարող են սահմանվել`
1) իրավական ակտն ուժի մեջ մտնելու և գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները.
2) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները.
3) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ գործողությունը դադարեցնելու ենթակա իրավական ակտերիցանկը.
4) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերի փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա ակտերի ցանկերի նախագծերի պատրաստման վերաբերյալ հանձնարարականները կամ առաջարկությունները:
Իրավական ակտը կարող է պարունակել անցումային դրույթներ, եթե իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ եթե որոշակի ժամկետների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական նորմերից տարբերվող այլ նորմեր:
Եթե օրենքով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենքի անցումային դրույթներով սահմանվում են`
1) օրենքի այն մասերը, որոնք գործելու են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:
Իրավական ակտով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերը` կանոններ, կանոնադրություններ, կարգեր, հրահանգներ, պարզաբանումներ, պայմաններ, գնացուցակներ, ցուցակներ, ցանկեր, կազմեր, աղյուսակներ, գրաֆիկներ, քարտեզներ, գծապատկերներ և այլն, ձևակերպվում են հավելվածների ձևով, իսկ իրավական ակտի համապատասխան մասերը պետք է հղում պարունակեն այդ հավելվածներին:
Իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված:
Իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված և լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Եթե հնարավոր կամ նպատակահարմար չէ այդ հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները կարգավորել տվյալ իրավական ակտով, ապա դրանում հղումների ձևով կամ առանձին մասերով պետք է սահմանվեն այն իրավական ակտերի տեսակները, որոնցով կարգավորվելու են չկարգավորված հարաբերությունները, կամ նշվեն այն իրավաստեղծ մարմինները, որոնք պետք է կարգավորեն դրանք: