Վարձակալած բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն ծառայողները, որոնց այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի վարչական տարածքը գտնվում է իր հաշվառման վայրի վարչական տարածքից (հաշվառման չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրի) 30 և ավելի կիլոմետր հեռավորության վրա:
Ծառայողին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով կազմակերպությունում ստեղծվում է երեք անձից բաղկացած հանձնաժողով, որի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է կազմակերպության ղեկավարը:
Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները: Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վերաբերյալ դիմումները հանձնաժողովը քննարկում է դրանք մուտքագրվելուց հետո 3-օրյա ժամկետում:
Այլընտրանքային աշխատանքային ծառայության անցկացման ժամանակահատվածի համար բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու համար ծառայողը պարտավոր է յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 15-ը իր այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպության հանձնաժողովին ներկայացնել պահանջվող փաստաթղթերը: Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, իսկ տվյալ տարվա հունվար ամսվա համար վճարված փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման: