Զինծառայողները, առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողները և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Նշված անձանց ընտանիքի անդամ են համարվում.
1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.
2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.
3) համատեղ բնակվող ծնողները.
4) զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:
Մինչև բնակարանով ապահովվելը զինծառայողները (բացի ժամկետային պարտադիր զինծառայողներից) և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում բնակելի տարածությունների վարձակալության համար նրանց վճարվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այս իմաստով` զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`
1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.
2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:
Պետական սեփականություն հանդիսացող և համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները) oգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից: