Կառավարության որոշմամբ՝ ՔՊ գրասենյակը կտեղափոխվի Հանրապետության փողոց

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց Երևանի Կենտրոնում՝ Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող 843,83 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 630 քմ մակերեսով հողամասը տրամադրել վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով:

Անշարժ գույքի ամսական նվազագույն վարձավճարը կազմում է 10,3 մլն դրամ: Նշենք՝ տարածքը ծառայելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես գրասենյակ։

Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։

843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում է, որ վերանորոգումից հետո այն կդառնա ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը, քանի որ գտնվում է Կառավարության շենքից մոտ 70 մետր հեռավորության վրա։ Կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ տեղակայված է Սայաթ-Նովա պողոտայի վերջնամասում։

Վարձակալված տարածքում տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակն է եղել։ Այդ շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում է տեղակայված «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակը։ ՔՊ-ի նոր գրասենյակի հարևանությամբ գտնվում է նաև ՀՅԴ-ի գրասենյակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել