Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Հայաստանի կենտրոնական բանկն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ են եկել։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Կենտրոնական բանկից նշել են․ «Ի պատասխան Ադրբեջանից Հայաստան տրանսֆերների վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունների, հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակում է ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վիճակագրությունը՝ ըստ 50 հիմնական երկրների, որտեղից ստացվող և այնտեղ փոխանցվող դրամական միջոցները որոշակի էական ծավալ են կազմում։ Հիշյալ երկրների ցանկում Ադրբեջանը ներառված չէ, քանի որ կա՛մ փոխանցումներ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում՝ հիշյալ ցանկում ներառելու համար»:

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե իբր Ադրբեջանից Հայաստան մեծ ծավալի տրանսֆերներ են եկել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել