Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։
Այսօր նա հայտարարել է, որ սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում:
Նա ընդգծել է, որ այս շարժման մեջ կլինեն և՛ կուսակցականներ, և՛ անկուսակցականներ, և՛ հասարակական, և՛ մշակութային գործիչներ, և՛ հոգևորականներ, և՛ աշխարհականներ:
«Երեկ ամբողջ օրը շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելոք պահեք ձեզ, ձեզ համար էլ է այս շարժումը, ձեզ էլ է ազատագրելու կապանքներից: Մեր շարժումը ճշմարտության մասին է, լայն հասարակական շերտերի հաշտության մասին է, վախերի վերացման մասին է:Մեր իղձերն ու երազները պետք է ավելի մեծ լինեն, քան մեր կյանքը: Չենք կարող սահմանափակված լինել մեր փոքր կյանքի օրերի մեջ… Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելո՛ք պահեք, պարզապես ձեզ խելո՛ք պահեք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք, ինքնաքննե՛ք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից: Չարիքի գործիք որևէ մեկը չի կարող ո՛չ քար նետել, ո՛չ ցեխ նետել», – ասել է հոգևորականը:
Բագրատ Սրբազանը հավելել է, որ այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք: