Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին ցանկանում ենք ստորև անդրադառնալ իրավական տեսանկյունից․
Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։
Պատասխան – Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։ Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։
Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։
Պատասխան – ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն:
Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։
Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել
Պատասխան – ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականացվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։
Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը:
Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ:
Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է
Պատասխան – Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:
Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու
Պատաստխան – Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա:
Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից:
Վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ:
Փորձագետներին և գործընթացով հետաքրքրված այլ անձանց հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և կեղծ տեղեկություններ տարածելուց»,-նշվում է հայտարարության մեջ: