ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնք մշակվել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ: Նախագծերի ընդունմամբ կառավարությունը կունենա ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական զինանշանի տեխնիկական պայմանները հաստատելու` օրենքով սահմանված լիազորություն:
«Պետք է շնորհակալություն հայտնենք հասարակական կազմակերպություններին, որոնք նախաձեռնող, շահագրգիռ և հետևողական էին այս հարցում, – հարցի առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Նաև պետք է խնդրենք նրանց, որպեսզի այս օրենքի կիրառման առումով հասարակական վերահսկողություն իրականացնեն, քանի որ զինանշանը, դրոշը պետականության կարևոր խորհրդանշաններ, ատրիբուտներ են և նպաստում են նաև մեր երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը: Շատ շնորհակալ ենք հասարակական հատվածին»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Իրավաբան.net