«Անվստահություն ենք հայտնում վարչախմբին, Կառավարությանը»․ Բագրատ Սրբազան

«Մենք խոսել ենք մեր երիտասարդների հետ և ծրագիր ենք մտածել, մտորել և այսօր առավոտյան պետք է այստեղ հանդիպեինք այլ ձևով»,-այս մասին Նոյեմբերյանում հավաքված քաղաքացիներին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հորդորելով ինքնագործունեությամբ չզբաղվել։

Նա նշել է, որ ճչալով, գոռալով Նոյեմբերյան եկող քաղաքացիները փորձում են գործընթացը խանգարել։

«Խանգարող մարդը կապ չունի այս շարժման և իրադարձությունների հետ։ Ներդրված մարդիկ են դրանք։ Ով շատ գոռաց, ճչաց, նա ներդրված է, քանի որ մինչև այսօր այդ մարդու ձայնը ոչ լսել ենք, ոչ տեսել ենք»,-նշել է նա՝ հորդորելով կանոնավոր գործել․ «Ցաքուցրիվ, պատեպատ տալով ոչ մի բան չի լինելու»։

Նա ասել է նաև, որ մարդիկ գործընթացի մասին տեղյակ են եղել, սակայն թաքնվել են, չեն ուզել խոսել․ «Հիմա ժամն է, որպեսզի կարգավորվեք և կանոնավորվեք։ Այս պայքարն ու կռիվը ստի և ճշմարտության միջև է։ Մենք ապրում ենք ստի տիրույթում, ստի տակ, խաբեության մեջ։ Մենք էլ ենք դարձել կեղծիք արտահայտող, սուտ խոսող։

Այդ սուտը մեզ պարտադրողը պետք է գնա, հեռանա»։

Նա նշել է՝ գործընթացով անվստահություն են հայտնում վարչախմբին, Կառավարությանը։

Բագրատ Սրբազանը կոչ արեց բոլորին իջնել եկեղեցու բակ՝ խորհրդակցության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել