Արման Մկրտումյանը ավարտական վկայականներ հանձնեց

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նոյեմբերի 13-ին դատավորի թեկնածուներին հանձնեց դատական դպրոցի ավարտական վկայականները: Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` հանձնման արարողությանը մասնակցեցին Արդարադատության խորհրդի անդամները, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն ու դատական համակարգի այլ ներկայացուցիչներ:

«Դպրոցի այսօրվա շրջանավարտները շատ շուտով մեր համակարգի մասն են կազմելու: Համալրելու են Վարչական դատարանի դատավորների շարքերը: Բոլորիս երազանքն է ունենալ արդար և արդյունավետ, անկախ և հանրության առջև հաշվետու դատական իշխանություն: Վստահ եմ, որ նրանք ուժ, եռանդ և գիտելիք չեն խնայի այդ երազանքն իրականություն դարձնելու համար:

Մեր խորին համոզմամբ, յուրաքանչյուր համակարգի հեղինակությունն առաջին հերթին պայմանավորված է կադրերով, նրանք են համակարգի դեմքն ու ապագան:

Թույլ տվեք բոլորիս անունից մեկ անգամ ևս շնորհավորել դատավորների թեկնածուներին դատական դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթել նրանց դատավորի պատասխանատու առաքելությունն իրականացնելիս նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Հատկանշական է, որ այսօր ավարտական վկայականներ են ստանում դատական դպրոցի վերջին շրջանավարտները: Ինչպես գիտեք Դատական դպրոցն արդեն լուծարվել է, որին կփոխարինի Արդարադատության ակադեմիան», – դատավորի թեկնածուներին ուղղված շնորհավորական խոսքում նշել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

 

Լուսանկարը` dataran.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել