Այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստի ընթացքում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։
«Փոստային եղանակով ծանուցումներ ուղարկելը փաստացի չի նպաստում ընտրողների՝ իրենց ընտրական իրավունքների և ընտրության անցկացման մանրամասների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը կամ ընտրողների՝ ընտրական գործընթացին առավել ակտիվ կերպով ներգրավմանը։ Վարչարարությունը պարզեցնելու ու ավելի թափանցիկ դարձնելու տեսանկյունից ժամանակակից պայմաններում առավել նպատակահարմար է օգտագործել ընտրողներին իրազեկելու այլ միջոցներ»,-նշված է հիմնավորման մեջ։
Հիմնավորման մեջ ասված է նաև, որ անհրաժեշտություն է առաջացել նախատեսել ընտրողների ցուցակները և համապատասխան տեղեկությունները հրապարակելն ու հանրամատչելի դարձնելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքի միջոցով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքում ցուցակների հրապարակումը նպատակահարմար է նաև հաշվի առնելով կայքի օգտագործման արդեն իսկ առկա փորձառությունը։ Մասնավորապես՝ ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակվում են կայքում, ինչպես նաև կայքում առկա է որոնման հնարավորություն, ինչը թույլ է տալիս անձնական տվյալները հավաքելու արդյունքում տեղեկություն ստանալ անձի ընտրատեղամասի մասին։
Ընտրություններից առաջ ընտրողների ցուցակները նույն կայքում հրապարակելը գործընթացը առավել թափանցիկ և մատչելի դարձնելու լրացուցիչ երաշխիք է։