97 դպրոցական պատրաստվում է «Դիջիկոդ 2024»-ի եզրափակիչ փուլին

Ապրիլի 20-ին անցկացվելու է «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը, որը կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից՝ որպես «ԱՐՄԱԹ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագրի բաղկացուցիչ մաս։ Մրցույթի կազմակերպման գործընկերներն են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանում ամերիկյան համալսարանը։ 

Վայրը՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Մանուկեան սրահ

Ժամը՝ 10:00 – 18:00 (եզրափակիչ փուլ)

«ԴԻՋԻԿՈԴ 2024»-ին մասնակցության հայտ են ներկայացրել 1300-ից ավելի աշակերտներ ինչպես Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից, այնպես էլ Ջավախքից ու արտերկրից։ Արդեն 9-րդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակն է խրախուսել և զարգացնել աշակերտների ալգորիթմական մտածողությունը: DigiCode-ը դարձել է նաև արդյունավետ հարթակ, որտեղ Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարարական գաղափարներով։ «Աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի» այսպիսին է մրցույթի ուղերձը, որն արդեն տարիներ շարունակ բացահայտում է տաղանդավոր հայ պատանիների և հնարավորություն տալիս նրանց զարգացնելու իրենց ստեղծագործական ունակությունները։ 

Ապրիլի 20-ին կայանալիք եզրափակիչ փուլին մասնակիցների մի մասը ներկայացնելու են իրենց ստեղծած խաղերը երեք անվանակարգերով։ Միաժամանակ անցկացվելու է օլիմպիադա ծրագրավորման երկու լեզուներով։ Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա են լինելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, ներկայացուցիչներ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից, ինչպես նաև հյուրեր բարձր տեխնոլոգիական համայնքից։ 

ԱՐՄԱԹ ճարտարագիտական աշխատանոցների մասին՝

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011թ.-ից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ներդրման կրթական ծրագիրը: «Արմաթ»֊ը ոչ ֆորմալ տեխնոլոգիական հայկական ազգային կրթական ծրագիր է, որը միտված է վաղ տարիքից հասանելի դարձնել ճարտարագիտական կրթությունը և բարձրացնել դպրոցների բնագիտական առարկաների դասավանդման արդյունավետությունը։ ԱՏՁՄ-ն սկսել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի արտահանման գործընթացը արտերկիր:

2023թ-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում, Վրաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ֊ում, Քուվեյթում, Բանգլադեշում, Էսվատինիում գործում է 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ, որտեղ շուրջ 17,000 երեխա ստանում է ճարտարագիտական կրթություն։

ԱՏՁՄ-ի մասին՝

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ստեղծվել է 2000թ․-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ), Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտների ընկերությունների կողմից՝ որպես Հայաստանում գործող ՏՀՏ ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա։ Միության անդամները ՏՀՏ-ի, բարձր տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում միավորվել են ԱՏՁՄ ՀԿ-ում՝ զարգացնելու ՏՀՏ-Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի Հանրապետությունում՝ ներկայացնելու, պաշտպանելու և աջակցելու Միության անդամների ընդհանուր շահերը: ԱՏՁՄ ՀԿ-ն միավորում է Հայաստանում գործող շուրջ 140 ազգային և միջազգային կազմակերպությունների, որոնք ներգրավված են ծրագրային ապահովման, ինտերնետ տեխնոլոգիաների, էլեկտրոնային առևտրի, ՏՏ հետազոտությունների և զարգացման, կիսահաղորդչային տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում: Մի շարք անդամներ առաջատար դիրքեր են զբաղեցնում համաշխարհային շուկայում։ ԱՏՁՄ տնօրենն է Սարգիս Կարապետյանը։

Լրացուցիչ հարցերի դեպքում՝

Լիլիթ Հակոբյան՝ 077 073781

[email protected]

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել