«Քրեական վարույթի նախաձեռնման հիմքերն են ուսումնասիրվում»․ Գոռ Աբրահամյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման վերաբերյալ հաղորդման մասին

Քրեական վարույթով մեղադրյալ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է Քննչական կոմիտեում։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Այժմ քրեական վարույթի նախաձեռնման հիմքերն են ուսումնասիրվում և քննչական ենթակայության հարցն է լուծվում»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը) և Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Սամվել Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել։

329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքին, որը արտահայտել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Փաստաբանները պնդում են, որ ձերբակալվելուց հետո, ձերբակալվածների պահման վայր տանելու ճանապարհին նրան խոշտանգման են ենթարկել, ծեծել են ու փորձել նվաստացնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել