Իրանի և Ռուսաստանի նախագահներ Էբրահիմ Ռայիսին և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Դամասկոսում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա Իսրայելի օդային հարվածից հետո Իրանի կողմից ձեռնարկված պատասխան քայլերը։
Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը վտանգավոր կլինի ողջ տարածաշրջանի համար։
Իր հերթին՝ Ռայիսին նշել է, որ Իրանի գործողությունները կրել են հարկադիր և սահմանափակ բնույթ։ Միևնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ Թեհրանը չի ցանկանում լարվածության հետագա սրում։
Երկու կողմերն էլ հայտարարել են, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական պատճառը պաղեստինա-իսրայելական չլուծված հակամարտությունն է։ Այս առումով հաստատվել են Ռուսաստանի և Իրանի սկզբունքային մոտեցումները Գազայի հատվածում անհապաղ զինադադարի օգտին՝ մեղմելով ծանր հումանիտար իրավիճակը և պայմաններ ստեղծելով ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորման համար։
Ռայիսին և Պուտինը քննարկել են նաև ռուս-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։