Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նախարարությունում այսօր տեղի ունեցած խուզարկություններին՝ նշելով, որ ինքն այդ մասին իմացել է մամուլից․
«Տեղյակ չեմ, գտնվում էի կառավարությունում, նիստի էի, այնտեղից եկել եմ այստեղ, շատ բան չգիտեմ։ Ինքս ծանոթացել եմ լրատվությունից։ Կխնդրեմ՝ հարցը իրենց ուղղեք, իրենք են հասցեատերը, և իրենք երևի պարզաբանումներ կտան»,- ասել է նա։
Ավանեսյանը նաև ասել է, թե որևէ գործի շրջանակներում ինքը չի հարցաքննվել․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել»։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել են, որ կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: