Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետության քաղաքացու կամ օտարերկրյա պետության տարածքում բնակության վայր ունեցող, քաղաքացիություն չունեցող անձի կողմից հանցագործություն կատարվելու և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում հարուցված կամ քննվող կամ հարուցման ենթակա գործի բոլոր նյութերը քրեական գործը վարող մարմինը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով ուղարկում է տվյալ օտարերկրյա պետության համապատասխան մարմին՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան` նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու խնդրանքով։
Վերը նախատեսված գործի բոլոր փաստաթղթերի պատճենները պահվում են գործը վարող` Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի մոտ՝ այն իրեղեն ապացույցների ցանկի հետ, որոնք նույնպես ուղարկվել են համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմին։