Օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև քրեական գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում տվյալ պետության իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց (այսուհետ՝ իրավասու մարմիններ) և Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջև փոխադարձության հիման վրա իրավական օգնություն կարող է ցույց տրվել բացառիկ դեպքերում՝ տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև իրավական ոլորտում փոխադարձության հիման վրա փոխօգնություն ցույց տալու շուրջ դիվանագիտական ուղիներով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որը պետք է նախապես համաձայնեցված լինի՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ՝ դատական վարույթում գտնվող քրեական գործերով դատավարական գործողություններ կատարելու և դատավճիռն ի կատար ածելու առնչությամբ.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ կատարելու առնչությամբ։
Վերը նախատեսված կարգով տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինների և Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջև տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև հաղորդակցությունը և փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը շարունակվում են մինչև համապատասխան հարցով (հարցերով) միջազգային պայմանագրի (պայմանագրերի) կնքումը կամ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին ուժի մեջ մտած բազմակողմ միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության երկուստեք մասնակից դառնալը, եթե մինչ այդ դիվանագիտական ուղիներով Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան պետությունը միակողմանիորեն կամ երկկողմ համաձայնությամբ չեն վերացրել փոխադարձության հիմունքներով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։
Փոխադարձության հիման վրա իրավական օգնությունը ցույց տալիս տվյալ օտարերկրյա պետության այլ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հաղորդակցվում են համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կամ գլխավոր դատախազության միջոցով՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով համապատասխան օտարերկրյա պետության իրավասու կենտրոնական մարմնին է տրամադրում այդ պետության համար ընդունելի լեզվով թարգմանված տեքստը՝ փոխադարձության կարգով իրավական օգնություն ցույց տալու ժամանակ օգտվելու համար՝ այդ պետությունից ստանալով նրա համապատասխան օրենքը։