«Երկրաբանների պահանջարկը գնալով աճում է»․ Հակոբ Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորեց Երկրաբանի օրվա առթիվ, որին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Երևանի պետական համալսարանում։

«Որպես ֆակուլտետի շրջանավարտ՝ պատիվ է լսարանի առջև ելույթ ունենալ, ինձ համար կարևոր ոլորտի մասին խոսել։ Ես խնդրել էի փոձաքննական կենտրոնի ՊՈԱԿ-ի մեր աշխատակիցներին տվյալներ տալ, օրինակ, վերջին մի քանի տարում թե՛ երկրաբանական ուսումնասիրության, թե՛ արդյունահանման հայտերի ինչ վիճակագրություն ունենք, և, իրականում, թվերը մի փոքր անհանգստացնում են այն իմաստով, որ, այո՛, կա երկրաբանություն մասնագիտության վերաբերյալ հետաքրքրության նվազում, բայց երկրաբանի մասնագետի պահանջարկը գնալով աճում է»։

Սիմիդյանն ասաց՝ կա մասնագետների պահանջարկի մեծացում՝ հաշվի առնելով այն թվերը, որոնք նախարարության ենթակայության տակ են։ Սակայն հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ նվազում է։ Այս պահին մի քանի ուղղություններով առաջարկներ են ստացել դեկանից, որի շրջանակներում պետք է աշխատեն, դրանցից մի քանիսը կլինեն խթանող, մոտիվացնող բաղադրիչ պարունակող գործողություններ, որոշները կլինեն նաև ֆակուլտետի մասնագիտական կարողությունների ներգրավումը տարբեր ծրագրերում։

«Ես ինքս պատրաստակամ եմ աշխատել, քննարկել, լուծումներ գտնել, որովհետև այս մասնագիտությունն իսկապես կարևոր է։ Անելիքները շատ են, ցանկությունը մեծ է, պատրաստակամությունը մեծ է, արձանագրեցինք, որ կառավարությունում այս ֆակուլտետի շրջանավարտներից քիչ չեն, այս ներուժն էլ պետք է անպայման օգտագործել, չկորցնել՝ հանուն լավ գործի»,-ընդգծեց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել