Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Հայկ Արամյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Հայկ Արամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցավոր համաձայնության գալով իր ընկեր Բագրատ Ստեփանյանի հետ, Մխիթար Արսենյանի ավտոմեքենայով, Բագրատ Ստեփանյանի նախկին ընկերուհի Էլիզա Մուրադյանին առևանգելու նպատակով 2013 թ. հունվարի 25-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայից հետապնդել են գործով անհայտ երթուղային տաքսի ավտոմեքենան, որում գտնվել է Էլիզա Մուրադյանը իր ընկերուհիների հետ, որից հետո երբ Էլիզա Մուրադյանը իր րնկերուհիների հետ իջել է երթուղային տաքսուց, ք.Երևանի, Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող «Գայանե» հանրախանութի հարևանությամբ, հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառում, ժամը 14:00-ի սահմաններում, իրագործելով իրենց հանցավոր մտահաղացումը Բագրատ Ստեփանյանի պահանջով մոտեցել է Էլիզա Մուրադյանին, գրկել նրան և վերջիևիս կամքին հակառակ, ուժ գործադրելով նստեցրել է վերոնշյալ ավտոմեքենան և առևանգել են Էլիզա Մուրադյանին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հայկ Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ըստ որի՝
Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: