Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Ալիկ Սուրենյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, 2013 թվականի մայիսի 2-ին Սրբուհի Մինասյանը հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժնին այն մասին, որ 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալեն Սուրենյանը «Օդնոկլասսնիկ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է իր աղջկա` Լիանա Բարսեղյանի հետ և խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով տարբեր պատրվակներով իր հաշվին կատարված դրամական փոխանցումների միջոցով տիրացել է 894.000 ՀՀ դրամ գումարին։ Հաղորդման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել։
Ալեն Սուրենյանը մեղադրվել է այն բանում, որ նա ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար կալանավորված լինելով և 2012թ. նոյեմբերի 23-ից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում կալանքի տակ գտնվելու ընթացքում` 2013թ. մարտի 25-ին «Օդնոկլասսնիկի» ինտերնետային կայքով, ներկայանալով որպես Արմեն Գրիգորյան անվամբ ամերիկահայ, ծանոթացել է Լիանա Բարսեղյանի հետ և փոխանակվել հեռախոսահամարներով, ապա աստիճանաբար ձեռք բերել Լիանա Բարսեղյանի վստահությունը, խոստացել է իր հետ նրան տանել ԱՄՆ և աշխատանքի ընդունել իր խմորեղենի արտադրամասում։ Այնուհետև խաբել է նրան, ասել, թե իբր ՀՀ-ում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ինչի պատճառով իրեն կալանավորել են և ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հինարկում։ Այդ խնդիրները լուծելու պատրվակով Լիանա Բարսեղյանից խնդրել է տարբեր չափի գումարներ փոխանցել «X» ընկերության հաշվեհամարներին` պատճառաբանելով, որ իր գումարները գտնվում են բանկային քարտում, իսկ քարտը ոստիկանությունում է մնացել և դուրս գալուն պես կվերադարձնի վերջինիս կողմից փոխանցված ողջ գումարը։ Լիանա Բարսեղյանը, վստահելով Ալեն Սուրենյանին, 2013թ. մարտի 29-ից մինչև ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում հաշվեհամարին է փոխանցել ընդհանուր 894.000 ՀՀ դրամ գումար, որը Ալեն Սուրենյանը խաբեությամբ և Լիանա Բարսեղյանի վստահությունը չարաշահելով հափշտակել է` վերջինիս պատճառելով խոշոր չափի` 894.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
31.10.2013թ.-ին դատարանը, արագացված կարգով իրականացված դատական քննության ընթացքում ուսումնասիրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, հաշվի առնելով այն, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ալեն Սուրենյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ ապացուցված է, գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշված հոդվածի սանկցիայով պետք է քրեական պատիժ կիրառվի։
31.10.2013թ.-ին դատարանը վճռեց ամբաստանյալ Ալեն Սուրենյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նշված հոդվածի սանկցիայով նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառել` դատապարտելով ազատազրկման 3 /երեք/ տարի 4 /չորս/ ամիս ժամկետով։
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝
Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: