29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս դստեր ամուսնուն մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից կատարված տակտիկապես ճկուն և հետևողական քննչական գործողությունների շնորհիվ բացահայտվել է Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ 2024թ փետրվարին կատարված կրկնակի դանակահարության դեպքը։ 

2024թ փետրվարի 24-ին՝ ժամը 01:29-ին, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ Պարզվել է, որ նրանցից մեկը Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ է, իսկ մյուսը՝ 29-ամյա երիտասարդ՝ նրա դստեր ամուսինը:

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական և վարութային գործողությունների, նշանակվել է նաև դատագենետիկական փորձաքննություն։

Փետրվարի 28-ին Ոստիկանության ծառայողների կողմից սառը զենք կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով Երևան քաղաքի Վանթյան փողոցի հասցներից մեկից Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա ՄՍ-ն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է դանակ և թղթադրամ` արնանման հետքերով։ Վերջինս հետագայում  ազատ է արձակվել: Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն։ 

Նշանակված փորձաքննությունների եզրակացության համաձայն, սակայն, պարզվել է, որ ձերբակալումից հետո վերոնշյալ անձի գրպանում հայտնաբերված դանակի բռնակից և դանակահարության դեպքի վայրից հայտնաբերված հովարով գլխարկից վերցված քրտնաճարպային հետքերից անջատված ԴՆԹ-ները պատկանում են միևնույն անձին։ Որոշում է կայացվել հիշյալ երկու վարույթները, համատեղ քննություն կատարելու նպատակով, միացենելու մասին:

Տուժողի մասնակցությամբ լուսանկարով ճանաչման քննչական գործողության ընթացքում վերջինս ճանաչել է իրեն և կնոջ հորը մարմնական վնասվածքներ հասցրած Մ.Ս.-ին: 

Կատարված վերոնշյալ, ինչպես նաև՝ անհրաժեշտ մի շարք այլ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՄՍ-ն 2024թ. փետրվարի 24-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սվաճյան փողոցում հանդիպելով իրեն անծանոթ 50-ամյա տղամարդուն և նրա դստեր ամուսնուն, ձեռքին առկա լույսը նրանց կողմ ուղղելով, հարցրել է՝ արդյոք լույսը նրանց խանգարում է: Բացասական պատասխան ստանալուց հետո, խուլիգանական դրդումներով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, 50-ամյա համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ առկա դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Սակայն տուժողի փեսայի միջամտության, ինչպես նաև ժամանակին ցույց տրված բուժօգնության արդյունքում հնարավոր է եղել փրկել տղամարդու կյանքը։ Այդ ընթացքում Մ.Ս.-ն նույն դանակով հարվածներ է հասցրել նաև 29-ամյա երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մ.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (խուլիգանական դրումներով սպանության փորձ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով (խուլիգանական դրումներով այլ անձի առողջությանը զենքի գործադրմամբ միջին ծանրության վնաս հասցնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ 

Ոստիկանությանը հանձնարարվել է ձերբակալել ՄՍ-ին և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, ինչն իրականացվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել