«Փնտրում եմ մարդկանց, որոնք կասեն, թե դրանք Տավուշի գյուղեր են, դրանք Ադրբեջան են, միշտ էլ իմացել ենք»․ Ալեն Սիմոնյան

«Ելման կետը, որտեղից սահմանը պետք է գծվի, ճիշտ է՝ Տավուշից սկսելը: Այնտեղ վիճելի մասերը քիչ են»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշել է՝ պրոցեսի շնորհիվ կունենանք սահմանի ուրվագիծ:

ԱԺ նախագահն ասել է, որ «խնդրահարույց» գյուղերը որոնց վերաբերյալ Տավուշում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանինն է․ «Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, որ համարում են ու կարող են ապացուցել, որ դա Հայաստանի տարածք է։ ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ։ ՀՀ տարածքի որևէ մաս սակարկման չի ենթարկվում»։

Խոսելով նոր պատերազմի հավանականության մասին, Սիմոնյանը նշել է․ «Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կհարձակվի: Իսկ ինչո՞ւ չհարձակվի:

Հայաստանի տարածքի առումով մենք նույնիսկ սակարկման դաշտ չենք մտնում, օրինակ, 2 տարի է միջանցքի մասին է խոսք գնում՝ ինչո՞ւ զիջման չգնացինք: Որովհետև դա ակնհայտ է, դա մեր իրավասության գոտում է։ Բայց ինչ-որ տեղից սահմանազատումը պետք է, չէ, սկսվի»,-նշել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ իշխանության ուզածը սահման ստանալն է․ «Այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնականաբար, ադրբեջանական զորքերը պետք է հայելային ձևով հետ քաշվեն։ Որտեղ Հայաստանն է առաջ՝ Հայաստանը պետք է ետ քաշվի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել