2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց տեղի ունեցած հավաքի մասնակիցները, 18։00-ի սահմաններում և նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հավաքի կազմակերպիչների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերից հետո, նրանց կազմակերպմամբ, մոտեցել են Կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով Ոստկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ: Անկարգությունները զուգորդվել են ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և տարբեր առարկաներ ոստիկանների ուղղությամբ նետելով, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ հնչեցնելով:
Դատախազը 2024 թվականի փետրվարի 26-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Լ.Ս.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե մասնակցի արարքը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմամբ, հրկիզումով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով կամ այդ գործողությունները կազմակերպելով կամ ղեկավարելով), իսկ Ն.Ա.-ի, Ջ.Ծ.-ի, Հ.Ա.-ի և Մ.Հ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Մեղադրյալներ Լ.Ս.-ի, Ջ.Ծ.-ի, Հ.Ա.-ի և Մ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը, իսկ Ն.Ա.-ի նկատմամբ այս վարույթով խափանման միջոց կիրառված չէ. վերջինս մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ:
2024 թվականի մարտի 14-ին քրեական վարույթից անջատվել է վերոնշյալ անձանց վերաբերյալ մասը:
2024 թվականի մարտի 26-ին դատախազը հաստատել է Լ.Ս.-ի, Ջ.Ծ.-ի, Հ.Ա.-ի, Մ.Հ.-ի և Ն.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: