Ավանդական դատական եղանակով վեճերի լուծում, թե՞ այլընտրանքային մեխանիզմներ։ Վերջիններիս՝ արբիտրաժի և հաշտարարության մասին որոշակի կարծրատիպեր և միֆեր կան։ AMCA-ն՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը ներկայացնում է դրանցից ամենաքննարկվածներն ու «բացահայտում իրականությունը»։
Միֆ 1. Հայաստանում վեճերն այլընտրանքային եղանակներով արդյունավետ լուծում չեն ստանա
Իրականություն. Իր տեսակով առաջին ու եզակի՝ Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը երաշխավորում է վեճերի արդար լուծումն իր պրոֆեսիոնալ, ոլորտային մասնագիտացած և կոմպետենտ մասնագետների շնորհիվ։ AMCA-ն իր գործունեությամբ, կրթական և իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված նախագծերի շնորհիվ Հայաստանում զարգացնում ու ձևավորում է արբիտրաժային նոր մշակույթ։
Միֆ 2. Արբիտրաժը ժամանակատար և ծախսատար է
Իրականություն. Կախված վեճից՝ արբիտրաժային եղանակով վեճի լուծման առավելագույն ժամկետը կարող է լինել 3-6 ամիս։ Արբիտրաժի նորարար ու ժամանակակից մոտեցումները հնարավորություն են տալիս խուսափել ժամանակի և այլ ռեսուրսների հավելյալ վատնումից, քանի որ կողմերը կարող են իրենց դիմումը, ինչպես նաև բուն լսումներն ու գործի քննությունն իրականացնել առցանց եղանակներով, առանց կենտրոն այցելելու, երկրից երկիր տեղափոխվելու։
Միֆ 3. Արբիտրաժը և հաշտարարությունը ենթադրում են նույն արդյունքը
Իրականություն. Ամենամեծ տարբերությունն այն է, որ արբիտրը որոշում է կայացնում հօգուտ մեկ կողմի, իսկ հաշտարարության դեպքում կնքվում է երկու կողմի համար շահավետ հաշտության համաձայնություն։
Միֆ 4․ Արբիտր կարող է լինել միայն իրավաբանը
Իրականություն․ Արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ: Այսինքն, կողմերը, օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված վեճի լուծման համար կարող են ընտրել այն արբիտրին, ով ունի նշված ոլորտում կրթություն և փորձառություն։
Միֆ 5․ Արբիտրաժային վճիռները չեն կարող անմիջականորեն կատարվել
Իրականություն․ Մշտապես գործող արբիտրաժային հաստատությունը, օրինակ AMCA-ն կարող է արբիտրաժային տրիբունալի վճիռն էլեկտրոնային հաղորդագրության միջոցով ուղարկել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարման համար այն դեպքերում, երբ արբիտրաժային գործը տեղական է, և դրանով հայցագինը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը։
Միֆ 6․ Արբիտրաժային վճիռները դատական կարգով կայացրած վճիռների նման ենթակա են բողոքարկման
Իրականություն․ Արբիտրաժային վճիռները որպես կանոն վերջնական են և ենթակա չեն բողոքարկման։ Արբիտրաժային վճիռները դատական կարգով կարող են բողոքարկվել միայն մեկ ատյանում օրենսդրությամբ սահմանված սահմանփակ հիմքերով։
Միֆ 7. Արբիտրաժային որոշումը կարող է կատարվել միայն Հայաստանում
Իրականություն․ «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման» մասին կոնվենցիան, որն առավելապես հայտնի է որպես Նյու Յորքի կոնվենցիա, երաշխավորում է, որ Հայաստանում կայացված արբիտրաժային վճիռը ենթակա լինի կատարման աշխարհի այն 171 երկրներում, որոնք միացել են կոնվենցիային։
Միֆ 8․ Արբիտրաժի լեզուն ՀՀ-ում հայերենն է
Իրականություն․ Արբիտրաժի լեզուն ընտրում են կողմերը և դա կարող է լինել հայերենից բացի ցանկացած այլ լեզու։
Միֆ 9․ Հաշտարարությունը կիրառվում է ամուսնաընտանեկան վեճերի լուծման համար
Իրականություն. Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական տարաբնույթ վեճերով՝ այդ թվում կորպորատիվ, առևտրային, ընտանեկան, աշխատանքային և այլ վեճերով։
Միֆ 10. Հաշտարարն է որոշում գործի ելքը
Իրականություն. Հաշտարարության գործընթացում հաշտարարն օգնում է երկու կողմերին հասնել ընդունելի որոշման և համաձայնության, խթանել համագործակցությունն ու վեճի կամավոր լուծումը։ Այլ կերպ ասած՝ հաշտարարությունը ձգտում է հասնել կողմերի win-win կարգավիճակին։
Միֆ 11. Հաշտարարությունը միշտ հանգեցնում է փոխզիջման, և կողմերից ոչ մեկը չի ստանում այն, ինչ ցանկանում է
Իրականություն. Հաշտարարությունը որպես ժամանակակից աշխարհում վեճերի լուծման առավել տարածված եղանակ, առաջին հերթին ենթադրում է փոխհամաձայնեցված լուծումներ փնտրելուն միտված գործընթաց: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ այն անպայմանորեն չի ենթադրում զիջումների գնալ, և նպատակ է հետապնդում վեր հանել այն ստեղծարար լուծումները, որոնք մինչ այդ տեսանելի չէին կողմերի համար, սակայն կարող են առավել արդյունավետորեն անդրադառնալ կողմերի շահերի և հետագա հարաբերությունների վրա։
Միֆ 12. Հաշտարարությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ պատրաստ են փոխզիջման
Իրականություն. Թեև բանակցելու և համակողմանի կերպով ընդունելի լուծումների հանգելու պատրաստակամությունն օգտակար է հաշտարարության գործընթացում, հմուտ հաշտարարների միջոցով հաճախ հնարավոր է կառուցել արդյունավետ քննարկում և հասնել համաձայնության նույնիսկ այն իրավիճակներում, երբ կողմերն ի սկզբանե չեն ունեցել փոխզիջման գնալու պատրաստակամություն։
Միֆ 13. Հաշտարարության միջոցով վեճը լուծելու արդյունքում կողմերը պարտադիր պետք է հաշտվեն
Իրականություն․ Հաշտարարության միջոցով վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով համաձայնության գալով վեճի առարկայի շուրջ, այլ ոչ թե հաշտվելով։ Այսպես օրինակ ամուսնալուծության փուլում գտնվող զույգերը ովքեր հաշտարարության միջոցով որոշել են լուծել երեխաների տեսակցությանը վերաբերող հարցերը, արդյունքում ոչ թե հաշտվում են և շարունակում ամուսնական կյանքը, այլ երկուստեք ընդունելի լուծում գտնելով հարցի շուրջ՝ գալիս են կամովին այնպիսի համաձայնության, որն ընդունելի է երկու կողմի համար էլ։ Դատարանը կարող է հաստատել այդ հաշտությունը, եթե դիմում է ներկայացվում դատարան։