Առերևույթ ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին 3 անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելով պահանջներ ներկայացնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ, պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ առերևույթ հանցավոր արարքները կատարած երեք անձանց՝ Ս.Հ.-ի, Վ.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Դատախազի կողմից հիշյալ միջնորդությունները բավարարվել են, և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ս.Հ.-ի և Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշմամբ բավարարվել են։

Ա.Մ.-ն շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված է վերջինիս ձերբակալելու որոշում։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել