Մարտի 22-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել 16-ամյա երկու պատանի, որոնցից մեկը՝ «պոլիտրավմա և կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք», մյուսը՝ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածների և 17-ամյա երկու պատանիների միջև, որի ընթացքում էլ 17-ամյա պատանիներից մեկը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխվածներից մեկին, իսկ երկրորդը ձեռքով հարվածել էր մյուսի գլխին:
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 23-ին 17-ամյա պատանիները ներկայացել են Մաշտոցի բաժին և խոստովանել կատարվածը, նաև ներկայացրել են հանցագործության գործիք դանակը:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: