«Ակադեմիական քաղաքը» մետրո ու տրամվայ է ունենալու․ ԿԳՄՍ նախարար

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ քննարկվում է տրանսպորտի բոլոր հնարավոր տարբերակները «Ակադեմիական քաղաք» հասնելու համար, քանի նմանատիպ նախագծերի իրականացման փորձը տարբեր երկրներում ցույց է տալիս, որ հաջողության ամենակարևոր գրավականը տրանսպորտային հասանելիությունն է։

«Հետևաբար մեզ համար շատ կարևոր է, որ «Ակադեմիական քաղաքը» լինի հասանելի ոչ միայն մեկ տեղից և մեկ ձևով, ինչը կնշանակի, որ այն հասանելի չէ, այլ տարբեր ձևերով, տարբեր ուղղություններով ու տարբեր տրանսպորտային տարբերակներով», – նշեց նախարարը՝ հավելելով, որ բոլոր տարբերակները հիմա քննարկվում են։

Նրա խոսքով՝ մինչև ս․թ․ հունիս ամիսը պատրաստ կլինի «Ակադեմիական քաղաքի» ամբողջությամբ մշակված հատակագիծը, և զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում լանդշաֆտային դիզայնի ուղղությամբ, ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ, ինչից հետո իրականացումը լինելու է փուլային սկզբունքով։ Ընդ որում՝ առաջին փուլի հիմնական կետերից մեկը լինելու է երկաթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքներ սկսելը։

««Ակադեմիական քաղաքի» տարածքով երկաթուղային գիծ է անցնում, որն այս պահին ավելի շատ օգտագործվում է իբրև բեռնատար։ Մենք դա վերափոխելու ենք ուղևորատար նպատակներով կիրառելու։ Մենք ուզում ենք դարձնել դա «Ակադեմիական քաղաքի» հիմնական տրանսպորտային հանգույցը, որը «Սասունցի Դավիթ» կայարանից կգնա դեպի «Ակադեմիական քաղաք», և այնտեղ կլինի կայարան», – նշեց Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է մետրոյի զարգացմանը, ապա ըստ նախարարի՝ իրենք դա պատկերացնում են «Աջափնյակ» կայարանից։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ տրանսպորտային հասանելիությունն ապահովվելու է մի քանի եղանակով, և երկաթուղուց ու մետրոյից բացի նախատեսվում է նաև տրամվայ և տրանսպորտային այլ միջոցներ գործարկել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել